Ամերիկայի հարաբերություններն Իսրայելի հետ «երկկողմանի երթևեկությամբ փողոց» են, իսկ Վաշինգտոնի կողմից տրամադրվող տարեկան 3,8 միլիարդ դոլարի անվտանգության օգնությունը ռազմավարական և տնտեսական ներդրում է, որն ամրապնդում է երկու երկրներy։ Այս մասին Իսրայելա-ամերիկյան հարաբերություններին նվիրված Կնեսետի նիստում հայտարարել է ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին, հայտնում է Times of Israel-ը։

Հաքաբին կատակել է, թե «ծրագրում էր այսօր հրավիրել Թաքեր Կարլսոնին»՝ նկատի ունենալով անցյալ շաբաթ աջակողմյան փորձագետի հետ նրա աղմկահարույց հարցազրույցը։ Այն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել, մասնավորապես՝ Իսրայելին տրամադրվող ԱՄՆ օգնությունը վիճարկելու պատճառով։

ԱՄՆ դեսպանն ասել է, որ երկրի դաշնային բյուջեն կազմում է մոտ 7 տրիլիոն դոլար, և դրա մաս կազմող ռազմական օգնությունը նպաստում է Ամերիկայում «հարյուրավոր ու հարյուրավոր» բարձր վարձատրվող աշխատատեղերի պահպանմանը։

Նա նաև խոսել է Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքի մոտակայքում գտնվող գործարաններում արտադրվող զինամթերքի, ինչպես նաև նույն նահանգի Քամդեն քաղաքում պատրաստվող «Երկաթե գմբեթ» և «Նետ-3» հրթիռային համակարգերի բաղադրիչների մասին:

«Ամերիկա-իսրայելական դաշինքը հիմնված է ընդհանուր հուդայա-քրիստոնեական արժեքների վրա, որոնք սկիզբ են առնում դեռևս 3800 տարի առաջ ապրած աստվածաշնչյան կերպարներ Աբրահամից, Իսահակից և Հակոբից»,- հայտարարել է Հակաբին՝ Ռուդերմանի հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ: