Այսօր լավ լուր ունենք. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թոշակները ապրիլի 1–ից կբարձրանան, ցածր թոշակները 10 000 դրամով, բարձր թոշակները ավելի քիչ։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ իշխանությունները նման պլան չունեին բացարձակապես, նրանք պնդում էին, որ եթե 10 000 դրամով թոշակը ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ փողը կուղղենք առողջապահությանը և հիմա տեսեք ինչ է կատարվում առողջապահության ոլորտում, ինչ բողոքներ բժիշկների կողմից, ժողովրդի կողմից։

Ասում էին՝ 10000 դրամը թոշակառուն ինչ է անելու, ու իրենք իրենց 3,5 միլիարդ դրամ տվել էին պարգևավճարներ, ընդ որում գաղտնի հրամանով։ Ես հունվարի 15-ին մի տեսանյութ էի նկարահանել, որը շուրջ կես միլիոն դիտում միայն իմ ռեսուրսներում ունի, և դա շատ լուրջ ազդեցություններ է ունեցել, հետո ԶԼՄ-ներն էին լուսաբանել, նդդիմադիր բոլոր ուժերը միացան և ցույց տվեցին այն քննադատությանը, որ իշխանությունը ասում է 10000 դրամ թոշակառուի համար չեն բարձրացնում, բայց իրենք իրենց 3,5 միլիարդ դրամ փող էին բաժանել։

Փաստորեն, իշխանությունը չուներ այսպիսի պլան, մեր քննադատության արդյունքում 10 000 դրամով ավելացրեց կենսաթոշակը։ Եթե այդպիսի պլան չուներ, այդ գումարը ըստ իրենց, ուղղել էին առողջապահությանը, այս փողը որտեղի՞ց եք ավելացրել։ Սա նախընտրական քայլ է։ Այսինքն իրենք հասկացել են, որ թոշակառուների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ի՞նչ են անելու 10.000 դրամը թոշակառուները, իրենք չգիտեն ինչ անեն, բայց մենք գիտենք այս 7 միլիոնը ինչ անենք, շատ վատ հետևանք էր ունեցել։

Ժողովուրդ, իմացեք, ամեն ինչ անելու են, բայց հետո, եթե ընտրվեցին, քթներիցս են բերելու, մեր քթից են բերելու այս ամեն ինչը, դա իմացեք։

Շատ լավ է, որ ճնշման արդյունքում բարձրացվել է թոշակները, բայց չպետք է սրանով խաբվենք, հունիսի 7–ին գիտեք ինչպես եք քվեարկում, լավ մնացեք։

Մարդիկ թող իմանան, որ իշխանության շնորհքը չի այս թոշակների բարձրացումը, այլ մեր շնորհքն է»,–ընդգծեց Մարուքյանը։