Եթե մեծամասնական ընտրակարգը պահպանվի, ապա բոլոր 41 ընտրատարածքներում էլ կանցնեն ամենահարուստները եւ խորհրդարանում կգործեն ոչ թե ժողովրդի, այլ իրենց շահերից: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, եթե իսկապես իշխանությունները ցանկանում են, որ ինչպես վարչապետն է ասում, գործարարները չհայտնվեն խորհրդարանում, ապա լավ կլիներ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ իրենց գործն ու խոսքն իրար համընկնեին:

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգության» մասնակցությանը, Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ ընտրական ցուցակի հարցը դեռ չի քննարկվել եւ մինչեւ համագումար ժամանակ կա: Նա հիշեցրել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, ըստ որի, «Ժառանգության» ցուցակում ընդգրկված կլինեն մարդիկ թե՛ կուսակցությունից, թե՛ խմբակցությունից, թե՛ անհատ անձինք, որոնց մեջ կլինեն բազմաթիվ երիտասարդներ: