Ղազախստանի Կարագանդայի մարզում փետրվարի 25-ին պլանային ուսումնամարզական թռիչքների ժամանակ Սու-30ՍՄ կործանիչ է կործանվել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է ժամանակին կատապուլտվել։

«Օդաչուները ողջ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանք գտնվում են բժշկական մասնագետների հսկողության տակ։

Ընկնելու վայրը շրջափակված է։ Բնակչության և ենթակառուցվածքային օբյեկտների համար վտանգ չկա», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվել է Ղազախստանի պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողով՝ թռիչքների անվտանգության դեպարտամենտի պետի գլխավորությամբ։ Հանձնաժողովի կազմում ներգրավվել են ավիացիոն ծառայության համապատասխան մասնագետներ։

Քննության արդյունքների հիման վրա կտրվի իրավական գնահատական և կկայացվի դատավարական որոշում։