Նորվեգիայի նախկին վարչապետ Տուրբյորն Յագլանդը մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո, հայտնում է iNyheter-ը։

Ըստ պարբերականի տվյալների՝ Յագլանդը հիվանդանոց է տեղափոխվել կյանքին վերջ տալու փորձից հետո։ Պորտալի աղբյուրները նշում են, որ հոսպիտալացման հենց այս դրվագը նախկինում չէր լուսաբանվել լրատվամիջոցներում։

75-ամյա Յագլանդին փետրվարի 12-ին մեղադրանք էր առաջադրվել ծանր կոռուպցիայի համար՝ կապված ամերիկացի ֆինանսիստ և սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների հետ։ Նույն օրը ոստիկանությունը լայնածավալ խուզարկություններ է իրականացրել նրա տներում, այդ թվում՝ Օսլոյի բնակարանում և Ռիսյորում գտնվող կացարանում։

iNyheter-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին նրա փաստաբան Անդրես Բրոսվեետը համաձայնության է եկել մամուլի ներկայացուցիչների հետ՝ այս դրամատիկ միջադեպը չհանրայնացնելու համար։ Պարբերականը հղում է անում «վստահելի աղբյուրի», որը հաստատել է, որ Յագլանդի վիճակը ծանր է, սակայն չի հստակեցրել, թե հատկապես որ հիվանդանոցում է նա բուժում ստանում։

Տնտեսական և բնապահպանական հանցագործությունների հետաքննության վարչությունը (Økokrim) փետրվարի 12-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Յագլանդի դեմ՝ «ծանր կոռուպցիոն գործողությունների» համար։

Եվրոպայի խորհրդին ուղղված նամակում, որով պահանջվում է հեռացնել Յագլանդի անձեռնմխելիությունը, նշվում է, որ նա և իր ընտանիքի անդամները 2011-ից 2018 թվականների ընթացքում բազմիցս օգտվել են Փարիզում և Նյու Յորքում գտնվող Էպշտեյնի մասնավոր բնակարաններից, ինչպես նաև հյուրընկալվել են Ֆլորիդայի Պալմ Բիչում գտնվող նրա վիլլայում։

Փաստաթղթի համաձայն՝ այդ այցելություններից մեկի ժամանակ Էփշտեյնը, հավանաբար, վճարել է վեց չափահաս անձանց ճանապարհորդական ծախսերը։ Բացի այդ, պնդվում է, որ Յագլանդը համաձայնել է Կարիբյան ավազանում վեց հոգանոց խմբի ուղևորության և հյուրանոցի ծախսերի փոխհատուցմանը, թեև այդ ուղևորությունը վերջնական արդյունքում չի կայացել։ Նամակում նաև նշվում է, որ Յագլանդը Էպշտեյնից օգնություն է խնդրել բանկային վարկ ստանալու հարցում, սակայն հայտնի չէ, թե արդյոք այն տրամադրվել է, թե ոչ։