Իրանի միջուկային զենքի ենթադրյալ ձգտման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներն անհիմն են: Դրա մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի անդամ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) գեներալ Էսմայիլ Քոսարին։
«Մի կողմից նրանք պնդում են, որ ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները և ոչինչ չեն թողել, իսկ մյուս կողմից՝ ասում են, թե ռազմական գործողություններն անհրաժեշտ են, քանի որ Իրանը կարող է մոտենալ [միջուկային ռումբին] հնարավորինս կարճ ժամանակում։ Այդ խոսքերը պարզապես դատարկ խոսակցություններ են Թրամփի կողմից, որը ցանկանում է իր հանդեպ ուշադրություն գրավել»,- ISNA գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է պատգամավորը։
Քոսարին ընդգծել է, որ փետրվարի 26-ին Ժնևում նախատեսված միջուկային բանակցություններից առաջ Իրանը պետք է բարձր մարտական պատրաստվածություն պահպանի և մշտապես հետևի թշնամու գործողություններին։ «Նրանք շփոթված են և չգիտեն, թե ինչ որոշում ընդունեն։ Եթե երկրի ներսում միասնություն, համախմբվածություն և ամբողջականություն լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ կնախընտրեր համաձայնության գալ Թեհրանի հետ միջուկային հարցի շուրջ։ Նա միաժամանակ կրկին սպառնացել էր ուժ կիրառել Իսլամական Հանրապետության դեմ։
Ժնևում փետրվարի 26-ին տեղի կունենա Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը։ Իրանի պատվիրակությունը, ինչպես սպասվում է, կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։





























