ԱՄՆ զորքերը մասնակցել են Մեքսիկայի ամենահզոր թմրաբարոններից մեկի՝ «Խալիսկո նոր սերնդի» (CJNG) ղեկավար Էլ Մենչոյին վերացնելու գործողությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք վերացրեցինք ամենադաժան թմրաբարոններից մեկին։ Երեկ դուք դա տեսաք»,- Կոնգրեսին ուղղված իր ելույթում հայտարարել է Սպիտակ տան նախագահը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը վերականգնում է «ամերիկյան անվտանգությունն ու գերիշխանությունը Արևմտյան կիսագնդում», մասնավորապես՝ գործողություններ ձեռնարկելով իր ազգային շահերը պաշտպանելու և «երկիրը բռնությունից, թմրանյութերից, ահաբեկչությունից և արտաքին միջամտությունից պաշտպանելու համար», -նշել է Թրամփը։
Թրամփն ընդգծել է, որ մինչ օրս տարածաշրջանի հսկայական տարածքները, ներառյալ՝ Մեքսիկայի զգալի մասը, վերահսկվում են թմրակարտելները։ «Ահա թե ինչու ես այս թմրավաճառներին օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ եմ որակել։ Եվ մեր նոր ռազմական արշավի շնորհիվ կանխել ենք ԱՄՆ թմրանյութերի ռեկորդային ծավալների ներմուծումը և գործնականում ամբողջությամբ դադարեցրել ենք դրանց ծովային մուտքը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա կատակել է ձկնորսության արդյունաբերության «լուրջ խափանումների» մասին՝ նշելով, որ «ոչ ոք այլևս չի ուզում ձկնորսություն անել» Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող նավերի վրա ԱՄՆ հարվածներից հետո։
Էլ Մենչոյին (Նեմեսիո Օսեգերա Սերվանտես) ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել Գվադալախարայից 130 կիլոմետր հարավ-արևմուտք՝ փետրվարի 22-ին։ Գործողության ընթացքում մեքսիկական հատուկ նշանակության ուժերը բախվել են հանցավոր սինդիկատի անդամների հետ։ Կատաղի փոխհրաձգության արդյունքում տեղում սպանվել են չորս զինյալներ, իսկ երեքը, նրանց թվում՝ Էլ Մենչոն, ծանր վիրավորվել են։ Նարկոբարոնը մահացել է Մեխիկո քաղաք տեղափոխելիս։
ԱՄՆ պաշտպանության պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ ԱՄՆ գլխավորած նոր ռազմական ուժը՝ Համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ-Կարտելի մարտական գործողությունների խումբը (JITF-CC), մասնակցել է հարձակման նախապատրաստմանը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը մեքսիկական իշխանությունների համար պատրաստել է Էլ Մենչոյի վերաբերյալ մանրամասն «նպատակային դոսյե», ներառյալ հետախուզական և իրավապահ մարմինների տվյալները։ Սակայն, հարձակումն ինքնին մնացել է մեքսիկական գործողություն. ԱՄՆ զինվորականները չեն մասնակցել։
ԱՄՆ-ում 15 միլիոն դոլարի պարգև էր առաջարկվել Էլ Մենչոյի գտնվելու վայրը պարզելու համար։ 2020 թվականից նա գտնվում է թմրանյութերի դեմ պայքարի վարչության ամենահետախուզվող անձանց ցանկում։ Միաժամանակ, ըստ մեքսիկական El Debate պարբերականի, երկրի պաշտպանության նախարարությանը հաջողվել է կապ հաստատել Էլ Մենչոյի հետ նրա սիրուհու միջոցով։ Նարկոկարտելի առաջնորդի սպանությունից հետո Մեքսիկայի ինը նահանգներում զանգվածային անկարգություններ են սկսվել։




























