Թոշակների բարձրացնելու առումով ես համարում եմ, որ սա ընդհանուր ընդդիմության և իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունքն էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Նարեկ Կարապետյանը։

«Պետական բյուջեում չկար դրված թոշակը բարձրացնելու ծրագիր։ Պետությունը չուներ նման ծրագիր, և մենք սա համարում ենք հաղթանակ։ Մենք ուրախ ենք այս փաստի համար, որ վերջապես այսքան տարիներ հետո թոշակի այսպիսի բարձրացում եղավ»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք սա  ընտրակաշառք չէ, Կարապետյանը պատասխանեց. «Թող մարդկանց համար դրական ազդեցություն թողնի, մարդիկ, որոնք 35000 դրամ են ստանում, թող իրենց համար դրական ազդեցություն թողնի, մեր մարդիկ ունեն բարձր իրավագիտակցություն, բարձր գիտակցություն, կարծում եմ, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ իրենց կարծիքը կասեն։ Բայց վերջապես մարդկանց համար դրական արդյունք եղավ, այսքան տարիներ հետո լուրջ փոփոխություն եղավ։ Ճնշման և վտանգ զգալու արդյունքում իրենք նախատեսեցին և թոշակները բարձրացրեցին։

Մարդիկ կհասկանան, որ մեր երկրին պետք է ակտիվ, ուժեղ տնտեսություն, որպեսզի կարողանանք հետագայում էլ բարձրացնենք մեր տնտեսության կողմից սոցիալական ոլորտին տրվող ֆինանսավորումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն, ընտրությունից ընտրություն բարձրացնելը դա լուծում չէ»։

Դիտարկմանը, որ 2018–ին նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ, այսօր այն 36 հազար դրամ է, որը բարձրանում է ևս 10 հազարով, Նարեկ Կարապետյանն ասաց. «2021 թվականին իրենք հայտարարել են, որ միջին թոշակը պետք է լինի 60 000-ից ավել։ 2021 թվականից հետո հինգ տարվա ընթացքում միլիարդավոր դոլարներ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանի բյուջե մտնելուց հետո 49 000 դրամը չի անցել։ Իրենց խոսք տված թվերը չեն կատարել։

Հիմա սա հաղթանակ է, ճիշտ քաղաքականություն է, լավ կլիներ, որ սա նաև հակառակ համեմատական ունենար պարգևավճարների հետ, պարգևավճարները վերանայվեին դեպի նվազում, իսկ թոշակները վերանայվեն դեպի ավելացում։