Ես չեմ հասկանում, դա պաշտոնանկությո՞ւն է, թե՞ պաշտոնի բարձրացում. ի՞նչ է նշանակում, մի պաշտոնից մարդկանց հանում են, տանում են մեկ այլ պաշտոնի, դա ինչի՞ց ցուցիչ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՆԳՆ–ում երեկու ու այսօր տեղի ունեցած կադրային տեղաշարժերին։

«Եթե այդ մարդիկ լավ են կատարել իրենց ծառայությունը, ինչի՞ եք հանում, կամ որ հանել եք, ինչի՞ համար եք տարել ուրիշ պաշտոնի դրել։ Ո՞րն է դրա իմաստն ու տրամաբանությունը, որ օրինակ Արմավիր քաղաքի ԱԱԾ–ի պետին հանեցին, ոստիկանության պետին հանեցին, դրանով կրիմինալ վիճակը փոխվե՞ց, չփոխվեց։ Խնդիր է գալիս է նրանից, որ իրավապահ համակարգը զբաղված է ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին հալածելով, գաղտնալսելով, իրենց անկողին մտնելով, լոգարաններ մտնելով, թե ով ում հետ ինչ սուրճ է խմել, ինչքան է զրուցել։ Օպերատիվ ամբողջ համակարգը զբաղված է այդ խնդիրներով, վհուկների որսով է զբաղված։ Մեր որդեկորույս ծնողներին ծեծելու գործով է զբաղված։ Այն օրը, որ մեր որդեկորույս ծնողները ծեծվեցին Եռաբլուրում, այդ օրը պիտի պաշտոնանկություններ կատարվեին։ Այն օրը, որ նռնակներ գցվեցին ԱԺ հարակից հատվածում, և մեր հայրենակիցները հաշմանդամության կարգեր ձեռք բերեցին և երջանիկ պատահականությամբ զոհեր չեղան, այ այդ ժամանակ պիտի պաշտոնանկություններ լինեին»,–ասաց նա։

Գառնիկ Դանիելյանի գնահատմամբ, վարչապետը  տեսնում է, որ կրիմինալ վիճակը անկառավարելի է, փորձում է քավության նոխազներ գտնել. «ինչ-որ մարդկանց, որ արդեն երևի ժամկետանց են, ասի՝ ես չեմ մեղավոր, մեղավորը վարչության պետն է, մեղավորը «ուչաստկովին» է։

Մատաղ սերնդի մի մասը նստած է թմրանյութերի վրա, և մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում կրթական համակարգում՝ նարկոտիկ, խաղադրույքներ, ահագնացող տեմպեր, գողության դեպքերի խայտառակ մի պատկեր։

Ասում է՝ մեր քաղաքացիները չեն վստահում իրավապահ համակարգին, եթե մարդը 5-6 անգամ հաղորդում ներկայացնում հանցագործության մասին, սայլը տեղից չի շարժվում, մարդը յոթերորդ անգամ ինչի՞ պիտի հաղորդում ներկայացնի։

Դիցուկ իմ մեքենայի պարագայում եղել է այրման փորձ, մեքենան ջարդելու փորձ, նաև արգելակների հետ կապված խնդիր, այդ խնդիրները որևէ լուծում չեն ստացել։ Էլ չեմ ասում մի քանի անգամ մեքենան թալանելու մասին։ Դա դեռ ես եմ, որ որոշակի առումով հանրային դեմք եմ, պատգամավոր եմ, ճանաչելիություն ունեմ, բա էն հասարակ քաղաքացին ո՞նց անի։

Ես ուրիշ բանի մասին էլ եմ ուզում խոսել, արդյոք այն շրջանակները, որոնք տարբեր կերպ փոխկապակցված են ՔՊ պաշտոնյաների հետ, այդ մարդկանց քրեական գործերը ի՞նչ տեղում են։ Թե՞ դուք պիտի անպայման սրբազան հայրերին թիրախավորեք,  տանեք հանիրավի տարիներով բերդերում պահեք։ Իսկ ու՞ր են այն մարդիկ, որոնց հետ կապված կային կոռուպցիոն հարցեր, թմրամիջոցների հետ կապված հարցեր, զենք-զինամթերքի հետ կապված հարցեր, ծեծուջարդի հետ կապված հարցեր։ Այս անպատժելիության մթնոլորտում ունենք այն, ինչ որ ունենք, և այս կոսմետիկ փոփոխությունները որակական արդյունք բնականաբար չեն տալու, որովհետև էլի իրենց սրտի ուզած յուրայինը գալու է էլի պաշտոն զբաղեցնի, որովհետև ոչ թե պրոֆեսիոնալ է, այլ ՔՊ սրտին և քիմքին հաճելի անձնավորություն է»,– ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։