Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու եւ արգելելու ուղղությամբ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով եւ սոցիալական ցանցով ստացված ահազանգերը:

Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին: Խնդրին նախարարն անդրադարձել է նաեւ նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որեւէ դրսեւորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով` բանկային փոխանցումների տարբերակով»: