ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լիկվիդացման հնարավորությունը՝ երկիրը «գլխատելու» համար։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները համոզված են, որ ԱՄՆ-ն «ռմբակոծելու է» Իրանը։ Պարբերականի մեկ այլ զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ն որպես տարբերակ դիտարկում է նաև Թեհրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։

Թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնի վարչակազմին մոտ կանգնած անձինք կարծում են, որ Միացյալ Նահանգների համար ավելի շահավետ կլինի, եթե Իրանին առաջինը հարված հասցնի Իսրայելը։ Նրանք ենթադրում են, որ Իսրայելի հնարավոր հարձակումը կհրահրի պատասխան գործողություն, ինչն էլ Վաշինգտոնին հակամարտության մեջ ներգրավվելու առիթ կտա։

«Վարչակազմում և նրա շուրջ կարծիք կա, որ քաղաքականապես ավելի շահավետ կլինի, եթե առաջինը սկսի Իսրայելը, ինչին իրանցիները կպատասխանեն նույն կերպ և մեզ գործելու ավելի շատ առիթներ կտան», - հայտնել է պարբերականի զրուցակիցներից մեկը:

Պաշտոնյաները կարծում են, որ ամերիկացի ընտրողները շատ ավելի ակտիվորեն կաջակցեն Իրանում մարտական գործողություններին, եթե վերջինս ուժ կիրառի ԱՄՆ դաշնակցի դեմ: Այնուամենայնիվ, հրապարակման զրուցակիցները համակարծիք են, որ առավել հավանական սցենարը մնում է ամերիկա-իսրայելական համատեղ հարվածը: Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել պարբերականի տեղեկատվությունը: