Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով հարցը, հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, ինչից հետո մեծածավալ աշխատանք է իրականացվել, ինչը հնարավորություն է տալիս ընդունել հայեցակարգի լրամշակված տարբերակը:
«Արդեն մի փուլում ենք, որ մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը և այն ներկայացվել է նաև համալիր փորձաքննության և հաստատման: Մշակվել է նաև Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարը հավելեց՝ նոր հայեցակարգով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնական սկզբունքներն ու թիրախները, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները:
«Ինչպես նաև նշեցի, ռիսկերի կառավարման և կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում, ինչը շատ կարևոր է։ Ակադեմիական քաղաքի շրջանակներում ներգրավում ենք նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն մեր հանրապետությունում տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները։
Տաղանդների զարգացման ծրագիրը իրականացվելու է Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում, նպատակ ունենալով ապահովել ակադեմիական քաղաքի էության հստակ և ճիշտ հաղորդակցումը և դրա նկատմամբ նաև հանրային բովանդակային վերաբերմունքի ձևավորումը։
Հայեցակարգում նկարագրվում են նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացը, որը ծրագրի արժեքի և բյուջետավորման գործընթացը կդարձնի ավելի համակարգված, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների և մասնավոր հատվածի ընդգրկվածության ուղղությունը կապահովի։
Նաև նախատեսվում է իրականացման փուլային ռազմավարության նկարագրությունը, և այս իմաստով հայեցակարգը համալրվել է նորացված ժամանակացույցով և փուլերի նկարագրով, ինչը հստակեցնում է նաև իրագործման ընթացքից ակնկալիքները»,–ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2027 թվականից. «Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ։ Կմեկնարկեն և կիրականացվեն նաև հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան ավելի քան 628 000 քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը իր կրթական հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներով։
Պետք է ասեմ, որ հենց այս պահին էլ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք, մասնավորապես այս պահին մրցույթի են պատրաստվում համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված փաթեթները, և առաջիկայում մենք կունենանք տարածքից բարձրաֆոլտ էլեկտրոնների տեղափոխման և նաև ոռոգման համակարգի համար անհրաժեշտ աշխատանքների մրցույթները»,– ընդգծեց Անդրեասյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման ոլորտի գործընկերների հետ խոսո՞ւմ են, որ իրենց ներդրումային պլաններում դա հաշվի առնեն։ Ի պատասխան Անդրեասյանն ասաց, որ այդ թեմայով առանձին քննարկումներ են ունեցել այդ թվում ՏԿԵՆ–ի գործընկերների ակտիվ ներգրավմամբ. «Ձևավորված են համապատասխան աշխատանքային խմբեր և գլխավոր հատակագծի վերջնական փաթեթն արդեն իսկ ներառում է բոլոր այդ ենթակառուցվածքներով լուծումները, որոնք համաձայնեցված են մեր գործընկերների հետ։
Մենք նաև նախորդ տարի մեկնարկել էինք տարածքի մաքրման աշխատանքները, որովհետև տարածքը պետք է պատրաստ լինի շինարարական աշխատանքների համար։ 2.7 հեկտար տարածք մաքրվել է աղբից և շուրջ 10 հազար խմ աղբ հանվել է տարածքից»։
ԿԳՄՍ նախարարը հավելեց, որ Ակադեմիական քաղաք ծրագրի ֆինանսավորման շրջանակներում, նախորդ տարվա համեմատ այս տարվա բյուջեում կրկնակի ավել միջոցներ կան. «Դա առանձնացված է որպես առանձին բյուջետային ծրագիր, և մեր հաշվարկներն ու կանխատեսումը այնպիսին են, որ բյուջետավորումը ամբողջությամբ բավարար է լինելու առաջին փուլի այս ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքների իրականացման համար»։





























