Սեքս-թրաֆիքինգի համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի փաստաբանի կողմից վարձված դետեկտիվ Փոլ Լեյվերին 2005 թվականին Ֆլորիդայում գտնվող նրա առանձնատնից հեռացրել է ապացույցները՝ իրավապահների խուզարկությունից առաջ։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված Էպշտեյնի գործով փաստաթղթերին։

«Ավելի քան երկու շաբաթ առաջ՝ Փալմ Բիչի ոստիկանությունը 2005 թվականի հոկտեմբերին խուզարկություն է իրականացրել Էպշտեյնի առանձնատանը, մասնավոր դետեկտիվը, ում վարձել էր խայտառակված ֆինանսիստի քրեական գործերով փաստաբան Ռոյ Բլեքը, տնից հեռացրել է բազմաթիվ ապացույցներ, այդ թվում՝ մի քանի համակարգիչ, ավելի քան երկու տասնյակ հեռախոսային տեղեկատուներ և սեքսուալ բնույթի նյութեր», - նշված է հոդվածում։

Հեռուստաալիքը մատնանշում է, որ դատախազնենը, ըստ ամենայնի, այդպես էլ հասանելիություն չեն ստացել նշված ապացույցներին՝ Էպշտեյնի առաջին քրեական գործի քննության ժամանակ։

Ընդգծվում է, որ Լեյվերին Էպշտեյնի առանձնատնից առգրավել է ավելի քան 100 պոտենցիալ ապացույց, այդ թվում՝ երեք համակարգիչ, 29 հեռախոսային տեղեկատու, մոտակայքում աշխատող մերսողուհիների երեք էջից բաղկացած ցուցակ և առնվազն տասը լուսանկար, որոնցում պատկերված են մերկ կամ մասնակի մերկ կանայք։

Նաև նշվում է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության մասնագիտական ​​պատասխանատվության գրասենյակի 2020 թվականի զեկույցում Էպշտեյնի հետաքննության հարցերի վերաբերյալ ավելի ուշ եզրակացվել է, որ համակարգիչները «հավանաբար» կարևոր ապացույցներ են պարունակել, որոնք կարող էին փոխել գործի ընթացքը։

Էպշտեյնի առաջին ձերբակալությունը՝ անչափահասին պոռնկության մեջ ներգրավելու և պոռնկության դրդելու համար, տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսին։ Հետագայում՝ 2008 թվականին, ֆինանսիստը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման, սակայն ազատ է արձակվել 13 ամիս անց։

2019 թվականին ԱՄՆ-ում Էպշտեյնին մեղադրանքներ են առաջադրվել սեռական շահագործման նպատակով անչափահասների թրաֆիքինգի համար։ Նույն տարվա հուլիսին նա մահացել է բանտում. քննությունը հանգել է այն եզրակացության, որ տեղի է ունեցել ինքնասպանություն։ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հունվարի 30-ին հայտարարել է Էպշտեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։ Հրապարակված տվյալների ընդհանուր ծավալը գերազանցել է 3,5 միլիոն ֆայլը։