Հայաստանի և Լեհաստանի միջև այսօր՝ փետրվարի 26–ին, ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Այն ստորագրել են երկու երկրների ԱԳ նախարարները, որից հետո երկու երկրների վարչապետներ Փաշինյանն ու Տուսկը հանդես են եկել հայտարարություններով։

Մասնավորապես, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է. «Իմ բարեկամ, իմ լավ ընկեր Նիկոլ Փաշինյան, շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք Վարշավայում հանդիպել հենց այն տարեդարձին, երբ Լեհաստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականի փետրվարի 26–ին։

Այդ ժամանակ Լեհաստանը քաջալերում էր այն պետություններին, որոնք իրենց անկախությունն էին կառուցում։ Դա մի ժամանակ էր, երբ լավ էինք զգում պատմական նմանությունները, պատմության ճիշտ ընկալումները, մեր երկրներին ուղղված սպառնալիքները։

Այսօր կարող եմ նշել, որ հայ–լեհական հարաբերությունները և մեր անձնական հարաբերությունները բարեկամական են, առանց նախապայմանների։ Մենք ունենք նմանատիպ նպատակներ, Լեհաստանում շատ են գնահատում հայերին։

Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու այն քաղաքական տեսլականը ձևակեռրպելու ճանապարհին։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի պայմաններում սա շատ հազվադեպ երևույթ է, և դու պետք է օրինակ հադիսանաս այդ քաղաքական ուղու համար։

Նաև ամբողջ հանրությանը պետք է ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը։ Դա բարդ ճանապարհ է, որը պահանջում է մեծ աշխատանք։ Ես բարձր եմ գնահատում դրան ուղղված քո ջանքերը։

Ես հայ ժողովրդին և անձամբ ձեզ մաղթում եմ հաջողություն այդ ճանապարհին

Նաև շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին։ Շատ ակտիվ թեմա է, թե ինչպես ընդլայնել ԵՄ–ի մեծ ընտանիքը»,–ասաց Տուսկը։