Մերձավոր Արեւելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուպերը հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր տարբերակների մասին, ուրբաթ հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով նախագահին մոտ կանգնած աղբյուրին։
Քննարկումներին ծանոթ երկրորդ աղբյուրը հայտնել է, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ զինված ուժերի շտաբների միավորված կոմիտեի նախագահ եւ նախագահի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Դեն Քեյնը։
Հեռուստաալիքն ընդգծել է, որ տարածաշրջանում ուժերի գլխավոր հրամանատարի ճեպազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ ամերիկացի եւ իրանցի պաշտոնյաները Ժնեւում բանակցություններ էին վարում Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ առաջընթաց է գրանցվել, եւ որ «տեխնիկական բանակցությունները» կվերսկսվեն Վիեննայում հաջորդ շաբաթ։
ABC News-ը նշել է, որ վերջին օրերին մի քանի հանրապետականներ եւ Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ պաշտպանել են Իսրայելի՝ Իրանին հարվածելու նախաձեռնությունը ստանձնելու հնարավորությունը, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելու գաղափարը։
Քննարկումներին ծանոթ աղբյուրները կարծում են, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունը հնարավոր է տարածաշրջանում մեծ թվով ամերիկյան ռազմանավերի եւ կործանիչների տեղակայման ֆոնին։





























