Շվեդական ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերը խլացրել են անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Շառլ դը Գոլ» ավիակրին, որը կայանված էր Մալմյո նավահանգստում՝ իր ավիակիր խմբի հետ ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցելու ճանապարհին: Շվեդիայի եւ Ֆրանսիայի զինված ուժերը միջադեպի մասին հայտնել են փետրվարի 25-ին: «Անօդաչու թռչող սարքը խլացվել է շվեդական ՌԷՊ համակարգի կողմից «Շառլ դը Գոլից» մոտավորապես 13 կիլոմետր հեռավորության վրա: Շվեդական համակարգը անթերի է աշխատել եւ չի խաթարել նավի վրա գտնվող սարքավորումների աշխատանքը»,- AFP-ին ասել է Ֆրանսիայի զինված ուժերի մամուլի քարտուղար, գնդապետ Գիյոմ Վերնեն:

Շվեդական SVT հեռուստաալիքի տվյալներով՝ որսված անօդաչուն թռել է «մոտակայքում» գտնվող ռուսական նավից  եւ հետագայում հայտնաբերվել է Շվեդիայի ռազմածովային ուժերի պարեկային նավի կողմից: Այստեղ հայտնել են, որ «Շառլ դը Գոլին» մոտեցող անօդաչու թռչող սարքի «չեզոքացումից» հետո դրա հետ կապը «կորել է»: Հինգշաբթի Շվեդիայի կառավարությունը հաստատել է միջադեպը՝ ենթադրելով, որ դրա հետեւում կանգնած է Ռուսաստանը: «Կարծես թե անօդաչու թռչող սարքը խախտել է Շվեդիայի օդային տարածքը։ Սա տեղի է ունեցել Շվեդիայի տարածքային ջրերում, Էրեսունի նեղուցում գտնվող ռուսական ռազմանավի հետ կապված։ Անօդաչու թռչող սարքը, հավանաբար, պատկանում է Ռուսաստանին»,- ասել է պաշտպանության նախարար Փալ Յոնսոնը՝ չնշելով ռուսական նավի անունը։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ կասկածելի ռուսական նավը շարունակել է նավարկությունը դեպի Բալթիկ ծով, եւ կապի կորստից հետո դեռեւս պարզ չէ, թե ինչ է պատահել ճնշված անօդաչու սարքի հետ։ Շվեդիայի զինվորականները կապի մեջ են Դանիայի հետ միջադեպի վերաբերյալ, ավելացրել է Յոնսոնը. «Մենք սերտ կապ ենք պահպանում Դանիայի հետ՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական մակարդակով»։ Շվեդիայի զինված ուժերի տվյալներով՝ մինչ օրս նոր անօդաչու սարքեր չեն նկատվել։ Այս պահին միջադեպի հետաքննություն է ընթանում։

«Շառլ դը Գոլը», որը փետրվարի 25-ին ժամանել է Մալմյո, պետք է մասնակցի ՆԱՏՕ զորավարժություններին։ Բացի անօդաչու սարքի հայտնաբերումից, Շվեդիայի ափային պահպանությունը փետրվարի 26-ին ավիակրի մոտ հայտնաբերել է նավթային հետք։ Այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե «որ նավն է աղտոտման պատճառը»։