Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, փետրվարի 11-ի գիշերը, ոստիկանության Մեղրիի բաժնի, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գորիսի կայազորի եւ ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողների հետ համատեղ Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածի 9-րդ կմ-ից, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, ոստիկանության Մեղրիի բաժին բերման են ենթարկել Գորիս քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Գագիկ Պողոսյանին, 41-ամյա Վրեժ Ալավերդյանին, 34-ամյա Արթուր Մովսիսյանին՝ Պողոսյանին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի («Նիվա») ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը հիշյալ տարածքի բետոնե շինությունում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված մոտ 100 գ ափիոնանման զանգված՝ վրան հարմարեցված կանաչ լուսարձակող սարք:

Ըստ Վրեժ Ալավերդյանի հայտարարության՝ իրենք Գորիս քաղաքի բնակիչ, նախկինում դատված 46-ամյա Լեւոն Շալունցի հանձնարարությամբ Գագիկ Պողոսյանի ավտոմեքենայով Գորիսից եկել են հիշյալ վայր, որպեսզի վերցնեն Իրանի տարածքից ոմն Բենոյի կողմից նետած ափիոն տեսակի թմրամիջոցի 10 զանգվածները՝ յուրաքանչյուրը մոտ 100 գրամ, որից 5-ը ինքը հայտնաբերել եւ տվել է Արթուր Մովսիսյանին, իսկ մնացածը եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով չի կարողացել գտնել:

Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 09.05-ի սահմաններում, Արթուր Մովսիսյանը Մեղրի Ագարակ ճանապարհահատվածի 9-րդ կմ-ին հարակից բետոնե շինության միջնամասում գտնվող թաքստոցից ներկայացրել է Վրեժ Ալավերդյանի կողմից իրեն տրված պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ափիոն տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված 6 փաթեթ՝ յուրաքանչյուրը 100 գ:

Ըստ Արթուր Մովսիսյանի հայտարարության՝ թմրամիջոցը Իրանից նետել է ազգությամբ պարսիկ ոմն Բենո, որն իր հետ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ հայտնել է, որ նախատեսված 10 հատի փոխարեն կլինի 7-ը, քանի որ նետելիս փաթեթներից 3-ն ընկել են Արաքս գետը:

Նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, որոնողական միջոցառումների արդյունքում, Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածին կից 9-րդ սահմանային տեղամասում՝ սահմանային երկաթբետոնյա հիմնապատին կից տարածքում, Արաքս գետի ափին հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, լուսային սարքավորումներով հարմարեցված, յուրաքանչյուրը 100 գ կշռով 2 փաթեթները:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:

Ոստիկանության ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Լեւոն Շալունցը եւ Արթուր Մովսիսյանը 2011 թ. հոկտեմբերից մինչեւ փետրվարի 11-ը 5 անգամ Իրանի քաղաքացի ոմն Բենիկից 1 գրամը 6 դոլարով ձեռք են բերել 2 900 գ ափիոն տեսակի թմրանյութ եւ իրացրել տարբեր անձանց:

Լեւոն Շալունցը բերման է ենթարկվել բաժին: Հետաքննությունը շարունակվում է: