Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն, այսօր` փետրվարի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին եւ նրան ուղեկցող անձանց:
Շնորհավորելով հյուրին դեսպանի պարտականությունները ստանձնելու առթիվ` Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց համակարգում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են կառուցվածքային, կադրային, գործառնական ոլորտները, ինչպես եւ ուղղված են ծառայողների անձնային ու մասնագիտական որակների կատարելագործմանը:
Ոստիկանապետը արդարադատության լիարժեք իրականացման եւ մարդու իրավունքերի պաշտպանության տեսանկյունից առանձնակի կարեւորել է վերջերս ՀՀ ոստիկանության եւ Փաստաբանների պալատի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է իրավունքի ոլորտում համագործակցության կատարելագործմանը, օրենքի գերիշխանության հաստատմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը:

Կողմերը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, որն արդեն քանի տարի ոստիկանության գլխավոր գործընկերներից է` փաստելով, որ համագործակցությունը տեսանելի արդյունքներ է տալիս եւ առաջիկայում շարունակվելու ու խորանալու է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության շրջանակի այլ հարցեր եւս, իսկ ավարտին հյուրերին ներկայացվել է Հայաստանի ոստիկանությունում կազմավորվող նոր ստորբաժանման ծառայողների համազգեստը:





























