Հայ ազգային կոնգրեսը ոչ միայն սատարելու է «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնությունը, այլ նաեւ մասնակցելու է այդ հարցով ընթացող խորհրդարանական լսումներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Հայոց համազգային շարժման ղեկավար Արամ Մանուկյանը:

«Խորհրդարանական լսումների ընթացքում մենք կհայտնենք մեր դիրքորոշումը այդ օրինագծի կապակցությամբ: Մենք հավատարիմ կմնանք մեր խոստմանը եւ այդ օրինագծի հարցում կսատարենք խորհրդարանական ընդդիմությանը, իհարկե, դեռեւս չգիտեմ, թե կոնկրետ ինչ ձեւով»,-ասել է Մանուկյանը` շեշտելով ՀԱԿ-ի` այդ քննարկմանը մասնակցելու կարեւորությունը:

Նրա խոսքով, օրինագիծը խորհրդարանում քննարկվելու է փետրվարի 28-ին, որը կարող է տեւել մի քանի օր, եւ մարտի 1-ի ՀԱԿ-ի ցույցում կարտահայտվի այդ օգնությունը:

Իր հերթին, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ խորհրդարանական լսումները կայանալու են փետրվարի 15-ին: Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունի օրինագիծը քննարկման դնել առաջնահերթ կարգով:

Սաֆարյանը նաեւ հաղորդել է, որ լսումներին հրավիրված են բոլոր շահագրգիռ կողմերը եւ կուսակցությունները, այդ թվում ուժեր, որոնք մտնում են ՀԱԿ-ի մեջ, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԿ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են փետրվարյան միտինգներով խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը սատարելու մտադրության մասին: Սակայն փետրվարի 17-ին նախատեսված միտինգը ցուրտ եղանակի պատճառով հետաձգվել է եւ կայանալու է մարտի 1-ին: