Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ և Դոնալդ Թրամփի գլխավոր ռազմական խորհրդականը՝ գեներալ Դեն Քեյնը, մի քանի շաբաթ շարունակ մշակել է հարվածներ հասցնելու հնարավոր տարբերակները և այսօրվա հարձակումներից առաջ մի քանի անգամ զեկույցներ է ներկայացրել Թրամփին, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Այդ տարբերակները ներառել են ամեն ինչ՝ սկսած արագ ռմբակոծություններից (որոնց թիրախում միջուկային օբյեկտների ընտրված խումբն էր), մինչև լայնածավալ օդային արշավներ՝ վարչակարգի փոփոխության հասնելու և իրանական զինված ուժերը ոչնչացնելու հույսով։ Այնուամենայնիվ, Քեյնը մեծ անվստահություն է հայտնել այդ տարբերակների հետևանքների վերաբերյալ։

Դեռ անցյալ շաբաթ Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը նախատեսվածից երեք անգամ երկար է տևել, գեներալ Քեյնը չի կարողացել հստակ ասել, թե ինչով կավարտվի իշխանափոխությանն ուղղված այս գործողությունը։

Հեռուստաալիքի աղբյուրները նշում են, որ ամիսներ առաջ Քեյնն անհամեմատ ավելի վստահ է եղել հաջողության հարցում, երբ խոսքը Վենեսուելայի մասին էր։ Հիշեցնենք, որ հունվարին ամերիկյան զինուժը կայծակնային գործողությամբ կարողացել է ձերբակալել այդ երկրի առաջնորդին։

Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Պենտագոնում տեղի ունեցած առանձին հանդիպումների ժամանակ Քեյնը բացահայտ խոսել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու հնարավոր բացասական կողմերի մասին՝ մտահոգություն հայտնելով նման առաքելության ընդգրկվածության, բարդության և ԱՄՆ-ի հնարավոր կորուստների վերաբերյալ։

Այնուամենայնիվ, Քեյնը մանրակրկիտ կերպով հետևում է Թրամփի հետ իր հարաբերություններին և այն բանին, թե որքան խորհուրդներ ու ցուցումներ է տալիս նախագահին՝ փորձելով պահպանել իր ազդեցությունը», - ընդգծում է CNN-ը։