ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը «զսպվածության կոչ է արել և բոլոր կողմերին հորդորել է ցուցաբերել խոհեմություն, թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո, հայտնում է BBC-ն։
«Ես դատապարտում եմ այսօր առավոտյան Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի ողջ տարածքին հասցված ռազմական հարվածները, ինչպես նաև Իրանի կողմից դրանց հաջորդած պատասխան հարվածները»։
«Ինչպես միշտ, ցանկացած զինված հակամարտության ժամանակ հենց քաղաքացիական բնակչությունն է ի վերջո վճարում ամենաբարձր գինը», - ասել է նա՝ նախքան ներկաներին հիշեցնելը, որ միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձանց պաշտպանությունը «առաջնահերթ նշանակություն» ունի։
Եվրոպական միության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը վերջին իրադարձություններն անվանել է «վտանգավոր»։
«ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ և աջակցել է դիվանագիտական լուծումներին, այդ թվում՝ միջուկային խնդրի վերաբերյալ», — նշել է նա X սոցիալական ցանցի իր հայտարարության մեջ՝ հավելելով, որ զրուցել է Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը առաջնահերթություն են»։
Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում տեսնել, թե ինչպես է «հետագա էսկալացիան վերածվում ավելի լայն տարածաշրջանային հակամարտության»: «Մեր առաջնահերթ խնդիրը տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների անվտանգությունն է», — ասված է հայտարարության մեջ, որին հաջորդում է հետևյալ հավելումը. «Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր շահերը»:
Վարչապետ Քիր Ստարմերը նախագահել է կառավարական արտակարգ իրավիճակների «Cobra» կոմիտեի նիստը և ակնկալվում է, որ օրվա ընթացքում մի շարք հեռախոսազրույցներ կունենա դաշնակիցների հետ: Ըստ BBC-ի տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիան չի մասնակցել ամերիկա-իսրայելական հարվածներին:
Գերմանիան հայտարարել է, որ նախապես տեղեկացված է եղել հարձակման մասին և որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խորհրդակցել է անվտանգության ոլորտի համապատասխան նախարարների հետ:
Նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ ունեցած հեռախոսակոնֆերանսից հետո Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի գրասենյակը հայտարարել է, որ խորհրդակցություններ կանցկացնի դաշնակիցների և տարածաշրջանային առաջնորդների հետ՝ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ իր երկիրը սատարում է ԱՄՆ-ի գործողություններին, որոնք ուղղված են «Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխմանը և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված Իրանի հետագա սպառնալիքների կասեցմանը»:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դատապարտել է Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարվածները՝ դրանք անվանելով «անխոհեմ քայլ»:
«Դատապարտման է արժանի նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացվում են բանակցային գործընթացի վերսկսման քողի ներքո», - ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նկատի ունենալով ուրբաթ օրը տեղի ունեցած ամերիկա-իրանական միջուկային բանակցությունները:
Հայտարարության մեջ նաև կոչ է արվում միջազգային հանրությանը գնահատական տալ այն ամենին, ինչն անվանվել է «անպատասխանատու գործողություններ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության խաթարմանը»:





























