Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել առաջին հայտարարությամբ Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի հարձակման վերաբերյալ, տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները։
Հայտարարության մեջ ասվում է. «Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ հարձակումներով սկսված եւ երրորդ երկրների դեմ Իրանի հարձակումներով շարունակվող իրադարձություններն իրենց բնույթով սպառնում են մեր տարածաշրջանի ապագային եւ գլոբալ կայունությանը։
Մենք խորապես մտահոգված ենք բոլոր գործողություններով, որոնք խախտում են միջազգային իրավունքը եւ սպառնում են անմեղ քաղաքացիների կյանքին, եւ դատապարտում ենք լարվածության հրահրումը, որը կարող է հանգեցնել բռնության թեժացման։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նորից հայտարարում ենք, որ մեր տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ տրամադրել անհրաժեշտ աջակցությունը։
Մեր առաջնահերթությունը տվյալ երկրներում բնակվող մեր քաղաքացիների անվտանգությունն է, եւ այս առումով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»։





























