Վարչապետի թեկնածու առաջադրվելու իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միազնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառմանն իր ելույթում նշեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։ Արժանապատվությունն առանց ուժի պարզապես պատրանք է։
Թվարկեմ մի քանի կետեր, որոնք մենք անմիջապես իրականացնելու ենք. Դրանք ոչ թե կարգախոսներ են, այլ կոնկրետ ծրագրային կետեր։ Առաջին, պաշտոնավարման հենց առաջին օրը ստեղծվելու է ռազմական բարեփոխումների հատուկ հանձնաժողով։ Վեց ամսում հանձնարարվելու է հատուկ հանձնաժողովին և աշխատանքային խմբին մշակել համապարփակ ռազմավարություն, որի իրականացումը կսկսվի անմիջապես։
Երկրորդ, հստակ ժամկետներ, մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին՝ լիարժեք զսպման կարողություններ, առաջին ժամկետի ավարտին՝ ռազմական հավասարակշռություն հանրության համար թափանցիկ հաշվետվողականությամբ։
Երրորդ պաշտպանական ծախսերը ոչ պակաս քան համախառն ներքին արդյունքի 8%–ը։ Սա նշանակում է ռազմական բյուջեի աճ առնվազն մեկ միլիարդ դոլարով, ամեն տարի առնվազն 500 միլիոն դոլար հայաստանյան ընկերություններից գնումների համար՝ ազգային ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար։
Չորրորդ. ճշմարտություն և պատասխանատվություն. մենք անմիջապես հրապարակելու ենք 44-օրյա պատերազմի հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի հանձնաժողովի զեկույցը: Հասարակությունը Հայաստանում իրավունք ունի իմանալ ճշմարտությունը:
Մենք պարտավոր ենք արժանապատվորեն գնահատել մեր հերոսների սխրանքը և աջակցել նրանց ընտանիքներին: Նրանք իրավունք ունեն բոլորը իմանալ հարցերի պատասխաններ»,–ասաց Թաթոյանը։





























