Արցախցիները ենթարկվել են էթնիկ զտումների, նրանք մեր հայրենակիցներն են, նրանց մեջ մեր արյունն է, իմ արյունն է, մենք մի ժողովուրդ ենք, և արցախցիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը ապահովելու ենք ՀՀ–ում ատելությունից զերծ, հարգանքի պայմաններում, արժանապատիվ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միազնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառմանն իր ելույթում նշեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Մենք առաջ ենք տանելու արցախցիների արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքը մեր դարավոր հայրենիք Արցախ։ Արցախը իմ ինքնության անբաժան մասն է, ինչպես և մեր բոլորի հայկական ինքնության անբաժան մասը: Մենք շարունակելու ենք ռազմական և դիվանագիտական համագործակցությունը արևելքի և արևմուտքի երկրների, այդ թվում Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

Կլինեն մարդիկ, որոնք կհարցնեն կարո՞ղ ենք մենք դա թույլ տալ մեզ, իսկ ես կպատասխանեմ՝ իսկ կարո՞ղ ենք մենք նման բաներ մեզ թույլ չտալ։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց եթե մենք չունեցանք կարողություն ինքներս մեզ պաշտպանելու, մենք անգամ գոյատևել չենք կարողանալու այս բարդ աշխարհում»,–ասաց նա։

Թաթոյանի խոսքով, իրենք Սփյուռքի հետ միասին ոտքի կկանգնացնեն երկիրը ժամանակակից տեխնոլոգիաներով, արհեստական բանականության վերջին նվաճումներով՝ դառնալով Հարավային Կովկասի ուղեղային կենտրոնը, ինչպես դա հիմա անում են մեր հայրենակիցներ, Նուբար Աֆեյանը և մեր մյուս հայրենակիցները։

«Կրթությունը կդառնա զարգացման հիմքը։ Մեր երիտասարդները պետք է հստակ իմանան, որ իրենցից է կախված իրենց ապագան, որ արդար պայմաններ են, որ եթե աշխատում ես, ջանք ես գործադրում, հասնելու ես առավելագույն արդյունքի մեր երկրում, որ կրթությունը լինելու է կանխատեսելի և երիտասարդը կարողանալու է, ունենալու է հնարավորություն ինքն իրեն կերտելու»,–ասաց նա։