Հնարավոր չէր իրավիճակը բանակցություններով լուծել, որովհետեւ բանակցությունները ձևական բնույթ ունեին, որպեսզի լեգիտիմացնեին ԱՄՆ հարձակումը իրանի վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։
«Իրանը հստակ նշել էր իր կարմիր գծերը, բայց իրենք ուզում էին Իրանի զինաթափել, որ Իրանը մի կողմ դնի իր միջուկային ծրագիրը։ Դա Իրանի անվտանգություն հետ է կապված և Իրանը իրավունք չուներ իր անվտանգությունը զիջեր։ Բանակցությունները օգտագործում էին, որ լեգիտիմացնեն պատերազմը, և ԱՄՆ–ի զինված ուժերը տեղակայվեին տարածաշրջանում։ Երբ իրենք արդեն բավարար չափով դիրքավորվել էին, հարվածները սկսեցին։
Ի պատասխան Իրանը սկսեց հարվածել Իսրայելին, նաև ամերիկյան բազաներին տարածաշրջանում՝ Բահրեյնից մինչև Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Կատար։ Սրանք այն երկրներն են, որոնց տարածքում ամերիկյան բազաներ կան։ Իրանը խոստացել էր, որ եթե պատերազմ լինի, ապա դա ամբողջ տարածաշրջանի պատերազմ է լինելու և բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ–ին ռազմաբազա են տրամադրել, Իրանը դրանք օրինական թիրախ է համարում»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ–ի նախագահը հայտարարել է, որ այս անգամ հարվածներն ավելի մասշտաբային են լինելու, Հոսեյնին ասաց. «Մասշտաբները մեծ են լինելու։ ԱՄՆ–ն ուզում է կարճ օպերացիայով արդյունքի հասնել։ Առաջին փուլում իրեն փորձում էին թիրախավորել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց րոպեներ առաջ Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ այդ թիրախները ձախողվել են, որ կարող է 1-2 հրամանատարների կորուստ ունենան, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները ապահով տեղում են, ողջ-առողջ են։ Պաշտոնապես ասվեց, որ սուտ են լուրերը, թե Իրանի հոգևոր առաջնորդը սպանված է։ Սա ցույց է տալիս, որ իրենք իրենց առաջին նպատակին չեն հասել։
Իրենց մյուս նպատակն է, որ իրանական զենքը ամբողջապես ոչնչացնեն, դրանից հետո միջուկային օբյեկտները, ռազմական օբյեկտները, նաև ոստիկանության օբյեկտները ոչնչացնեն, որպեսզի հետագայում կարողանան իրենց գործակալների միջոցով Իրանի միասնությունը խարխլեն, սադրանքներ փորձեն հրահրել կառավարական շենքերի դեմ, գրավեն դրանք։
Թրամփը դրա մասին բացահայտ խոսեց, որ երբ օդուժի հարվածները դադարեն, Իրանի ժողովուրդը պետք է դուրս գա, կառավարական շենքերը գրավի։
Իրանի դեմ 12–օրյա պատերազմում իրենք ձախողվեցին։ Դրանից հետո փորձեցին տնտեսական դժգոհություններն օգտագործելով ներքին հրահրումներով հասնել իրենց նպատակին, դա էլ ձախողվեց, հիմա որոշել են երկուսը միասին փորձարկել։
Հիմա ուզում են թիրախավորել ուժայիններին, որպեսզի այդ զանգվածը փողոց դուրս գա, կառավարական շենքեր գրավի։ Իրենց նպատակը Իրանում իշխանափոխությունն է, որին չեն հասել»,– ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ Իրանը արագ պատասխաններ տվեց և ցույց տվեց, որ Իրանը պատրաստ է դիմակայել։
Հոսեյնին նկատեց, որ այս անգամ Իրանն ավելի պատրաստ էր, սպասում էր, որ կարող է պատերազմ լինել. «Անգամ բոլոր կարևոր պաշտոններ զբաղեցնողների փոխարինողներ են նշանակվել, այսինքն եթե որևէ մեկին թիրախավորեն, համակարգը չի փլուզվելու, փոխարինողները շարունակելու են իրենց գործը»։
Անդրադառնալով Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակմանը, որը տասնյակ զոհերի պատճառ դարձավ, փորձագետն ասաց, որ իրենց համար ոչ մի կարմիր գծեր չկան. «Իսրայելը Պաղեստինում հազարավոր երեխաների է սպանել, և հիմա իր համար կարմիր գիծ չէ, որ Իրանում մանկական դպրոցներ են թիրախավորում։ Սա ցույց է տալիս, որ իրենց թիրախները միայն ռազմական օբյեկտները և պաշտոնյաները չեն։ Սա միջազգային օրենքների խախտում է և ռազմական հանցագործություն է, և միջազգային ատյաններում իրենք պետք է պատասխան տան»։
Հարցին՝ Իրանին կհաջողվի՞ այս լայնածավալ հարձակումից քիչ կորուստներով դուրս գալ և լիարժեք պարտված վիճակում չհայտնվել, նա պատասխանեց. «Ոչ ոք չի կարող արդյունքը կանխատեսել, դա կախված է նրանից, որ Իրանը կարողանա ցավոտ պատասխաններ տալ ԱՄՆ–ին և Իսրայելին։ Այդ դեպքում նրանք կփորձեն արագ դադարեցնել պատերազմը, որովհետև ինչքան զոհերը շատանան, ԱՄՆ–ում հանրությունը կճնշի կառավարությանը և իրենք խնդիր կունենան երկրի ներսում։
Իրենք սպասում էին արագ օպերացիա, ինչպես Վենեսուելայում արեցին, որ արագ արդյունքի կհասնեն, հաղթանակած դուրս կգան, բայց հիմա Իրանը պետք է այնպես անի, որ իրենց համար իրավիճակը անկառավարելի լինի։ Եթե պատերազմը երկարեց, դա իրենց շահերից չի բխում, և իրենք կփոխեն խաղի կանոնները»,–ասաց Հոսեյնին։





























