«Այն պայմաններում, երբ ամերիկա-սիոնիստական թշնամին ենթարկվել է խիզախ զինված ուժերի ծանր հարվածներին, նա դիմում է հոգեբանական պատերազմի»։ Այս մասին, հղում կատարելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակի հասարակության հետ կապերի բաժնի տնօրենին, տեղեկացրել է Pars Today-ը։
«Բոլորը պետք է ուշադիր լինեն թշնամու հոգեբանական պատերազմի հանդեպ»,- նշվել է հաղորդագրությունում։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ Խամենեին զոհվել է։ Իրանում այդ տեղեկությունը չեն հաստատել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի եւ Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։





























