Ճապոնական նավագնացային ընկերությունները դադարեցրել են աշխատանքը Հորմուզի նեղուցում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Իրանին, իսկ Թեհրանը հայտարարել է նեղուցում նավարկությունը փակելու մասին։ Հաղորդում է Reuters-ը։

Համաշխարհային նավթի մոտ 20%-ը, ինչպես նաև մեծ քանակությամբ հեղուկ բնական գազ անցնում է Իրանի և Օմանի միջև գտնվող այս նեղ նեղուցով, ինչը գների կտրուկ աճի սպասումներ է առաջացրել։

Nippon Yusen ընկերությունը շաբաթ օրը հրահանգել է դադարեցնել իր նավերի տարանցումն այդ տարածքում։ Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

«Ձեռնպահ ենք մնում Հորմուզի նեղուցով նավարկելուց․ մեր նավերին հրահանգված է մնալ անվտանգ ջրերում»,- հայտնել է Mitsui O.S.K. Lines-ի ներկայացուցիչը։

Kawasaki Kisen-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Պարսից ծոցում գտնվող իրենց մի քանի նավերն այժմ սպասման ռեժիմում են։ Ի տարբերություն տրանսպորտային այլ երթուղիների՝ այստեղ մատակարարումների վերահասցեագրման այլընտրանքներ չկան։