Թեև ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են իրանական մի շարք թիրախների, այդ թվում՝ այլ առանցքային առաջնորդների ոչնչացմանն ուղղված խիստ հաջող հարվածների մասին, վերլուծաբանները նշում են, որ այս պահին Իրանի տարածքի վերաբերյալ հրապարակվել են ընդամենը մի քանի անկախ արբանյակային լուսանկարներ։ Ըստ CNN-ի՝ դրանց թվում են գերագույն առաջնորդի նստավայրի ավերածությունների պատկերները և կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է սև ծխի ամպ բարձրանում կայանված իրանական ռազմանավի վրայից։

Որոշ փորձագետներ կարծում են, որ առնվազն 48 ժամ կպահանջվի հավաստի տեղեկատվություն և ավելի շատ արբանյակային լուսանկարներ ստանալու համար, ինչը թույլ կտա գնահատել, թե որքանով են հաջող եղել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները առաջին օրը։

Իրանական հրթիռային ուժերի ոչնչացման վերաբերյալ անկախ տվյալների բացակայությունը հարցականի տակ է դնում, թե որքան հզոր զինանոց է դեռ մնացել Թեհրանին։

Թեև հակամարտության սկզբից Իրանն արդեն պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք թիրախների (ըստ որոշ տվյալների՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռներով և ավելի քան հազար անօդաչու թռչող սարքերով), վերլուծաբանները նշում են, որ անցյալ ամառ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում Թեհրանը ձեռնպահ էր մնում իր հրթիռների և դրոնների մեծ մասն օգտագործելուց մինչև հակամարտության ուշ փուլերը։

Իրանի պատասխանը. կիրակի վաղ առավոտյան հնչեց առաջին արձագանքը, երբ Իրանը հայտարարեց տարածաշրջանում հարձակումների նոր ալիք սկսելու մասին։

Մարտական գործողությունների սկզբից ի վեր իրանական հակահարվածների տեսանյութերը ցույց են տալիս հակահրթիռային համակարգերի մեծաքանակ կիրառումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսրայելը, ԱՄԷ-ն և Բահրեյնը։

Պաշարներ. ԱՄՆ-ն և հատկապես Իսրայելն անցյալ ամառվա 12-օրյա պատերազմում օգտագործել են իրենց սահմանափակ և դժվար վերականգնվող հակահրթիռային որսիչների հսկայական քանակություն։ Կասկածներ են առաջանում, թե որքան ժամանակ կբավականացնեն ընթացիկ պաշարները, եթե Իրանը երկարատև հակամարտության համար դեռևս պահուստում ունի բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ։