ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատել է «շատ վտանգավոր կարմիր գիծ»՝ սպանելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն։

Նա նշել է, որ ողջ աշխարհի շիաները կարձագանքեն Խամենեիի սպանությանը։ «Իհարկե, կրոնական տեսանկյունից նա մեծ առաջնորդ էր, ուստի տարածաշրջանի և ողջ աշխարհի բազմաթիվ շիա հետևորդներ կարձագանքեն դրան։ Դա ակնհայտ է, քանի որ նախագահ Թրամփը հատել է շատ վտանգավոր կարմիր գիծ»,- ասել է Խաթիբզադեն։ «Մենք պատասխանելուց բացի այլ ընտրություն չունենք»,- հավելել է նա։

Պաշտոնյան հայտնել է, որ Իրանը դիմել է Պարսից ծոցի երկրներին՝ ամերիկյան ռազմաբազաները փակելու առաջարկով, որոնք Թեհրանը սպառնալիք է համարում։

«Մենք նրանց հայտնել ենք՝ կա՛մ փակեք ամերիկյան այդ բազաները, որոնք մշտապես սպառնալիք են Իրանի համար և օգտագործվում են մեր դեմ հարձակումների համար, կա՛մ մենք հակահարված տալուց բացի այլ ելք չունենք»,- ասել է նա։

Իրանը «չի կարող հասնել ամերիկյան տարածքին, ուստի մենք այլ ընտրություն չունենք, քան հարձակվել ԱՄՆ իրավասության տակ գտնվող բազաների վրա»,- հավելել է Խաթիբզադեն։