Պարսից ծոցի երկրները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրենց ինքնիշխանությունը, անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար՝ ի պատասխան Իրանի հարձակումների։

Արաբական վեց միապետություններ, որոնք անդամակցում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդին, հայտարարել են, որ պատրաստ են Իրանին պատասխանել հավաքական անվտանգության միջոցների շրջանակում։ Այդ մասին ասվում է տարածաշրջանային կազմակերպության արտակարգ առցանց նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։

«Պարսից ծոցի երկրները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրենց երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար՝ ի պատասխան Իրանի հարձակումների», — նշվում է հայտարարությունում։

Արաբական միապետությունների ԱԳ նախարարները ընդգծել են, որ մեկ երկրի անվտանգությունը անբաժանելի է մյուս բոլոր երկրների անվտանգությունից։