Հայաստանի իշխանությունները քննարկում են Իրանի հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք ամեն ինչի պատրաստ լինելու համար»,- վստահ է Ալեքսանյանը։

Այն հարցին, թե ինչու պաշտոնական Երևանը չի դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին և ցավակցություն չի հայտնել Թեհրանին, պատգամավորը պատասխանել է, որ Հայաստանի կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները խորապես մտահոգված են տեղի ունեցածով։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն», - հավելել է խորհրդարանականը։

Միաժամանակ նա չի կորցրել առիթը և հիշեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, որը նախկինում հանդիմանել էր գործող իշխանություններին՝ Իսլամական Հանրապետության հետ ռազմական դաշինք կնքելու դժկամության համար։

«Այսինքն, ամերիկյան ավիակիրները ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը, հենց դատապարտի ՀՀ իշխանությունը, հենց մի բան ասի, միանգամից պտտվելու՝ հետ են գնալու։ Ձեր լրատվական գործակալությունների քաղաքական տնօրենը մեկ տարի առաջ հայտարարել է, որ Հայաստանը պետք է ռազմական դաշինք կնքի Իրանի հետ... Ձեր կարծիքով՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը իրականացներ ձեր այս ռազմավարությունը», - լրագրողներին դիմելով՝ ասել է Ալեքսանյանը։