Կիպրոսում նախատեսված ԵՄ նախարարների նիստը չեղյալ է հայտարարվել՝ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: ԵՄ Խորհրդում Կիպրոսի գործող նախագահությունը հայտնել է, որ «իրադարձությունների անկանխատեսելի զարգացումը, ցավոք, դժվարեցնում է դեպի Կիպրոս թռիչքները», հայտնում է Bild-ը:

Այս կապակցությամբ որոշում է կայացվել եվրոպացի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղափոխել ավելի ուշ ժամկետի: Ի սկզբանե այն պետք է մեկնարկեր այսօր կեսօրին և տևեր մինչև երեքշաբթի երեկո։

Այս գիշեր ԵՄ անդամ Կիպրոսում գտնվող բրիտանական «Ակրոտիրի» ավիաբազան, ենթադրաբար, հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից: Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը հայտնել է, որ դրա համար օգտագործվել է Shahed տեսակի անօդաչու թռչող սարք: Լոնդոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպը: Ըստ նախագահի տվյալների՝ տուժածներ չկան: