Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել, այնպես որ ես որևէ բան չեմ բացառում։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնոլով NEWS.am–ի հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ հնարավոր սցենարներ կարող են լինել, արդյոք Ադրբեջանը կարող է սադրանքների գնալ։
«Ամեն դեպքում զինված ուժերը պետք է բարձր մակարդակի պատրաստականության բերվեն, չնայած իրենց մոտ սեր և համերաշխություն է, եղբայրություն է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ հազիվ մի պատերազմ կա, որ Հայաստանը խառնված չէ, ինչի՞ եք ուզում Հայաստանը ներքաշեք պատերազմի մեջ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այսինքն, որ ասում ենք՝ այնտեղ հայեր կան, որոնք օգնության կարիք կարող է ունենան, նշանակում է պատերազմ ենք ուզում սկսե՞նք։ Օրինակ, Սիրիայում հիշում եք, չէ՞, Հալեպում հյուպատոսն ինչ արեց, բարով խերով գնաց անբարվ տեղեր»։
Անդրադառնալով հնարավոր վտանգներին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Եթե սահմանը երկար ժամանակ փակ լինի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չի, Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Եթե ճանապարհը փակվի, բացասական արդյունքները ակնհայտ կլինեն, գումարած օդային փոխադրումների խաթարում կա հարավից և արևելքից։
Մյուսը, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ ներհոսք պետք է կարողանաս կառավարել։
Առնվազն պետք է հասկանաս, որ եթե վաղը ճանապարհը փակվեց, ի՞նչ ես անելու, այսինքն պատրաստի դեղատոմս չեմ կարող ասել, բայց դա խնդիր է։ ԱՄՆ–ն քանի շաբաթ իր ռազմական արսենալը տարածաշրջանում հզորացնում էր, ակնհայտ էր, որ այս հարվածը լինելու էր։ Մեր ետությունը սահմանակից այլ պետությունների հետ բանակցե՞լ է հայ բիզնեսմենների հնարավոր շահերը պաշտպանելու համար։ Ինչ-որ մի բան բանակցե՞լ են, որ այդ մեքենաները, բեռնատարները այլ ճանապարհով գնան»։











