Մենք եկել ենք Դուբայ փետրվարի 27-ին, նավով մեր կրուիզը 28-ից էր, մեկ օր շուտ եկել էինք Դուբայ, մնանք հյուրանոցում, հաջորդ օրը սկսենք կրուիզը երեք երկրներով՝ ԱՄԷ, Բահրեյն և Կատար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց լրագրող Նատա Հարությունյանը, ով այս պահին այլ ուղևորների հետ մնացել է նավի մեջ փակված։
«Նաև պետք է Աբու Դաբի գնայինք և մեկ կղզի Էմիրություններում։ Մենք հենց մտանք նավ ամսի 28-ին, 10-15 րոպե հետո լուրերը սկսեցին գալ ու նավը տեղից չշարժվեց։ Մեզ սկզբում ասում էին՝ սպասեք, տենսնեք, թե ինչ իրավիճակ կլինի, իսկ երեկ արդեն պաշտոնապես չեղարկվեց կրուիզը, ասացին՝ մնացեք նավի մեջ։ Նավը Դուբայի նավահանգստում է, չի շարժվել, ամենաանվտանգ տեղը համեմատաբար, այսպես է։
Մենք մնացել ենք, դուրս չեն գալիս, իրենք խնդրեցին՝ դուրս չգալ, եթե անգամ շատ հրատապ է դուրս գալը, ապա նավահանգստի տարածքը չլքել։ Մինչև մարտի 7–ը մենք այստեղ ենք լինելու, որովհետեւ մեր հետադարձ տոմսը 7–ին է, բայց թե հետո ինչ կլինի չենք իմանում։
Իրենք էլ ասում են՝ կապվեք ձեր դեսպանությունների հետ, մինչև հասկանանք օդը երբ է բացվում, հետ գնաք։ Մենք երեկ առավոտյան ենք կապվել մեր դեսպանության հետ, մեր տվյալները թողել ենք, նաև լրացրել ենք ԱԳՆ-ի հրապարակած լինքը։ Առայժմ սպասում ենք, չգիտենք՝ ինչքան կտևի, կերկարի, չի երկարի։ Դրա համար ուզում ենք հնարավորինս շուտ հետ վերադառնալ, սպասում ենք տեսնենք ինչ կլինի։ Նավի վրա առանձնապես խուճապային տրամադրություններ չկան, որովհետև դե փակ է տարածքը, ինչ-որ ձայներ և այլն չեն լսվում, բայց դե անհանգիստ ենք բնականաբար։ Լուրերով հետևում ենք ինչ է կատարվում»,–ասաց նա։





























