Շուրջ յոթ տարի տևած ծանր ու փորձություններով լի դատավարությունից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Մարտին Արզումանյանի պրոֆեսիոնալ, անաչառ և արդար որոշմամբ ես ու Սարգիսը լիովին արդարացվեցինք։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ակտիվիստ Նարեկ Մութաֆյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ դեռ 2019 թվականին, երբ մեզ կալանավորեցին, գրեթե հույս չունեի, որ այս գործով երբևէ կհնչի արդարացման վճիռ։ Այդ տարիները մեզ համար ոչ միայն իրավական պայքար էին, այլև մարդկային ամրության, համբերության ու արժանապատվության ծանր փորձություն։
Խորին շնորհակալություն եմ հայտնում փաստաբան Վահե Եփրիկյանին, ով գործի առաջին օրից մինչև վերջ մեզ հետ հավասար կիսեց պայքարի ողջ ծանրությունը՝ մնալով սկզբունքային, նվիրված և հաստատակամ։
Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր թե՛ կալանքի ընթացքում, թե՛ դրանից հետո կանգնած էին մեր կողքին։
Այսօրվա որոշումը ոչ միայն իրավական հաղթանակ է, այլև արժանապատվության վերականգնում»։
Հիշեցնենք, որ 2019–ի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում, այնուհետ բացատրություն է տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է «բլոգեր Նարեկ Մութաֆյան», սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:





























