Հայաստանի հետ համապարփակ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը այս պահին տեքստի մշակման փուլում է, մենք այս պահին աշխատում ենք տեքստի վրա։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Մի առաջնային նախնական տեքստ կար, որի վրա որ մենք այս պահին Իրանում աշխատում ենք և դրա որոշ բաղադրիչները փոփոխելու ուղղությամբ այս պահին դեռ տեքստի վրա ենք աշխատում։ Մեր ցանկությունն է, որ սա ուղղակի թղթի վրա գրված որևէ փաստաթուղթ չդառնա, այլ լինի օպերատիվ։

Երբ մենք կկարողանանք վերևջնական տեսքի բերել այս փաստաթուղթը և ապահովված լինի յդ փաստաթղթի համապարփակ բնույթը, այն արդեն կփոխանակվի կողմերի միջև և վերջնական համաձայնության հասնելուն պես պատրաստ կլինի ստորագրման։ Մենք շատ լիահույս ենք, որ կկարողանանք փաստաթուղթը ստորագրել 2026 թվականին»,–ասաց նա։

Դեսպանը նկատեց, որ անկախ այդ փաստաթղթից, այս պահին էլ Հայաստանն ու Իրանը շատ լավ համագործակցում են տարբեր ոլորտներում և դա զարգանում է։ «Այս համատեքստում պետք է նշել վերջերս տեղի ունեցած բարձրաստիճան այցերից մեկը. Խոսքը ՀՀ պաշտպանության նախարար պարոն Պապիկյանի այցն էր Իրան մոտավորապես մեկ շաբաթ առաջ»։