Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը բացառել է Իրան ցամաքային զորքեր ուղարկելը, սակայն պատերազմի ամբողջ ընթացքի համար երաշխիքներ չի տվել:
Իրանում ամերիկյան ցամաքային զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Հեգսեթն արագորեն հայտարարել է «ոչ», սակայն հետո խուսափել է հստակ պատասխանից՝ արդյոք այդ դիրքորոշումը պատերազմի ամբողջ ընթացքում անփոփո՞խ կմնա։
«Մենք չենք քննարկելու, թե ինչ կանենք կամ չենք անելու»,- ասել է նա՝ Պենտագոնի նախկին գործելակերպը՝ «ամերիկյան ժողովրդին և մեր թշնամիներին» բացահայտել օպերատիվ տեղեկությունը, «հիմարություն» անվանելով:
Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը նշել է, որ չի ցանկանում «մանրամասնել» տարածաշրջան լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին, քանի որ «դա կարող է թշնամուն օգնել զգուշանալու»։
Նա հայտարարել է նաև, որ գործողությունների տարածքում ավելի շատ մարտավարական ինքնաթիռներ կտեղակայվեն։ «Կարծում եմ՝ մենք գրեթե հասել ենք մեզ անհրաժեշտ ընդհանուր մարտական հզորության և կարողությունների մակարդակին»,- հավելել է նա։
Փիթ Հեգսեթը բանավիճել է մեկ այլ լրագրողի հետ, որը հարցրել է գործողության երկարատև պատերազմի վերածվելու ռիսկի մասին: «Մենք ապահովում ենք առաքելության իրականացումը,- ասել է Հեգսեթը: -Սակայն մենք, ինչպես նաև նախագահը, սթափ ենք գնահատում իրավիճակը, ի տարբերություն այլ նախագահների, անցյալի սխալ քաղաքականության վերաբերյալ, որը անզգուշորեն մեզ ներքաշեց հստակ և կոնկրետ նպատակների հետ կապ չունեցող գործողությունների մեջ: Մենք ծրագրեր ունենք... սակայն երբեք մամուլին չենք բացահայտի՝որքան ժամանակ դա կարող է տևել»:
Նա լղոզված գնահատականներ է տվել Իրանում ԱՄՆ մարտական գործողությունների հնարավոր ժամկետների վերաբերյալ՝ հրաժարվելով նշել, թե որքան ժամանակ ամերիկյան ուժերը կներգրավվեն ներկայիս հակամարտության մեջ:
«Նախագահ Թրամփը լիակատար ազատություն ունի խոսելու այն մասին, թե որքան ժամանակ դա կարող է տևել՝ չորս շաբաթ, երկու շաբաթ, վեց շաբաթ»: «Ժամանակացույցը կարող է ավելի կարճ լինել, կամ կարող է ավելի երկար լինել,- Պենտագոնի ճեպազրույցի ժամանակ ասել է Հեգսեթը: -Մենք կիրականացնենք նրա հրամայած առաջադրանքները՝ նպատակները, որոնք մենք մտադիր ենք իրականացնել, և նա արդեն ցույց է տվել այնպիսի բաներ անելու ունակություն, որոնք մյուս նախագահները, կարծես, լիովին չեն կարողանում հասկանալ»:





























