Ամերիկյան դերասան եւ ռեժիսոր Շոն Փենը Ֆոլքլենդյան կղզիներն անվանել է արգենտինյան Մալվինյան կղզիներ (այդպես են նրանց անվանում Արգենտինայում) եւ մեղադրել է Մեծ Բրիտանիային գաղութային քաղաքականության շարունակման մեջ:

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների հետ հանդիպումից հետո դերասանը մամուլին հայտարարել է, որ այդ հարցում ինքն «ամուր կանգնած է» արգենտինացիների կողմը, եւ Լոնդոնին կոչ է արել Բուենոս Այրեսի հետ բանակցություններ սկսել Մալվինյան կղզիների ապագա կարգավիճակի վերաբերյալ:

«Մեր ժամանակներում աշխարհը չի կարող թույլ տալ գաղութային ծիծաղելի եւ հին  գաղափարախոսությանը հավատարիմ մնալը», - հայտարարել է Շոն Փենը, հաղորդում է BBC-ն:

Ֆոքլենդները գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում` Արգենտինայի ափերից ոչ հեռու: Կղզիները բնակեցված են Մեծ Բրիտանիայից ներգաղթածներով եւ նրանց հետնորդներով, որոնք ուզում են, որ կղզիախումբը մնա բրիտանական  տիրապետության տակ: Սակայն արգենտինացիներն այդ տարածքներն իրենցն են համարում:

Այս տարի նշվում է Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի միջեւ Ֆոլքլենդների համար մղվող պատերազմի 30-ամյակը: Երկու երկրների միջեւ Ֆոլքլենդների շուրջ տարվող վեճը սրվել է այն բանից հետո, երբ 2010 թվականին բրիտանական ընկերությունն սկսել է նավթ փնտրել կղզիների մոտ գտնվող խութերի մերձակայքում:

Շոն Փենը հայտնի է իր ձախ հայացքներով եւ արմատական քաղաքական հայտարարություններով: 2002 թվականին նա 56 հազար դոլարով գնել էր  «Վաշինգթոն փոսթ» թերթում գովազդային էջը եւ նրանում բաց նամակ էր հրատարակել  ուղղված ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին: Նա ամերիկյան առաջնորդին կոչ էր արել հրաժարվել Իրաք ներխուժելու ծրագրերից եւ մեղադրել էր նրան ԱՄՆ-ում քաղաքացիական ազատության ոտնահարման մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: