Երկուշաբթի երեկոյան Դուբայի առևտրի կենտրոնի այցելուներն անսպասելի անակնկալի են արժանացել. աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոն են այցելել ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը և Դուբայի թագաժառանգ, փոխվարչապետ և պաշտպանության նախարար շեյխ Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը:

Այցը տեղի է ունեցել տարածաշրջանային լարվածության ֆոնին, երբ ԱՄԷ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են տասնյակ անօդաչու թռչող սարքեր և Իրանի կողմից իրականացված հարձակումներ։

Առաջնորդների այցը դիտվել է որպես վստահության ազդանշան և երկրում կայունության ու անվտանգության ցուցադրություն, հաղորդում է Gulf News-ը։

Գնորդներն ու սրճարանների հաճախորդները շրջապատել են շեյխերին, շատերը ողջունել են նրանց և ուրախություն հայտնել անսպասելի հանդիպման համար։ Առաջնորդները նաև այցելել են առևտրի կենտրոնի ռեստորաններից մեկը և շփվել մարդկանց հետ։