ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ «փետրվարի վերջին Իրանի հետ կայացած բանակցությունների երրորդ փուլի ավարտին վերջնականապես պարզ դարձավ, որ համաձայնության հասնելն անհնար է»։
«Լիովին պարզ էր, որ դա անիրագործելի է լինելու, հավանաբար, արդեն երկրորդ հանդիպման ավարտին, սակայն հետո մենք վերադարձանք երրորդ հանդիպմանը՝ վերջին փորձը կատարելու համար», - հայտարարել է նա Fox News-ի եթերում։
Ինչպես հաղորդում է DW-ն, Ուիթքոֆը մանրամասներ է ներկայացրել Ժնևում Իրանի պատվիրակության հետ ունեցած մի շարք հանդիպումներից, որոնք նա անցկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ՝ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ միասին։ Հանդիպումների նպատակն է եղել համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ նրա՝ ամերիկյան կողմն իրանցիներին առաջարկել է տասը տարով դադարեցնել ուրանի հարստացումը, ինչի դիմաց Միացյալ Նահանգները պարտավորվում էր գնել իրանական էներգակիրները։
«Մենք նրանց հետ քննարկում էինք հարստացումից տասը տարով լիակատար հրաժարվելու հարցը, և մենք որոշել էին վճարել վառելիքի համար, - ասել է նա։ - Նրանք մերժեցին սա, ինչն այդ պահին մեզ ցույց տվեց, որ նրանք միջուկային զենք ստեղծելու նպատակով հարստացումը պահպանելուց բացի այլ ծրագրեր չունեն»։




























