Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունը տարաձայնություններ է առաջացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի միջև։ Վեճի առարկան այն հարցն է, թե ճգնաժամի ժամանակ ով պետք է համակարգի Եվրամիության արձագանքը։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ դիվանագետներին և պաշտոնյաներին։

Պաշտոնյաները հայտնել են, որ Կալլասը և ֆոն դեր Լեյենը շաբաթավերջին անմիջականորեն չեն շփվել, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվել էր՝ չնայած ակտիվ դիվանագիտական ​​գործունեությանը և միասնական դիրքորոշում պահպանելու ջանքերին։

«Իրանին հասցված ամերիկյան և իսրայելական հարվածներին ԵՄ պատասխանն ի հայտ բերեց վերնախավում առկա արդեն ծանոթ տարաձայնությունները։ Երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները բախման եզրին են հայտնվել այն հարցի շուրջ, թե ով պետք է համակարգի դաշինքի արձագանքը ճգնաժամին»,- գրում է պարբերականը։ Ինչպես նշում է պարբերականը, պատմականորեն միջազգային հարաբերությունները եղել են ԵՄ դիվանագիտության ղեկավարի, ինչպես նաև Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) իրավասության ներքո։ Սակայն, քանի որ աշխարհաքաղաքականությունը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենում ԵՄ հիմնական գործառույթների վրա, Եվրահանձնաժողովի նախագահն ու նրա թիմը սկսել են ավելի կարևոր դերակատարում ունենալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Թերթի զրուցակիցներից մեկն ընդգծել է, որ գաղտնիք չէ, որ ֆոն դեր Լեյենն ու նրա հանձնակատարների թիմն ուրախ կլինեն «Կալլասին երկրորդ պլան մղել»։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է ավերածությունների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։