ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` փետրվարի 15-ին, ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Կլաաս վան դեր Թեմպելի գլխավորած պատվիրակությանը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Փիթեր Յան Լանգենբերգը:
Կողմերը քննարկել են Նիդերլանդների եւ Հայաստանի միջեւ նոր նախաձեռնությունների եւ երկկողմ ծրագրերի հնարավորությունները` Հայաստանում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հարուստ օրակարգը մոտ 170 գործողությունների տեսքով ներկայացված է Հայաստան-ԵՄ համագործակցության նոր` 2012-2013թթ. ծրագրում: ԱԱԽ քարտուղարը կարեւորել է այս ծրագրի իրականացման ընթացքում ԵՄ առանձին երկրների, մասնավորապես Նիդերլանդների հետ բարեփոխումների գործընթացին նպաստող առանձին ծրագրերի եւ նոր նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Թեմպելը գոհունակություն է հայտնել Հայաստանում տարբեր ոլորտներում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացում Հայաստանի ղեկավարության վճռական տրամադրվածության կապակցությամբ, ինչը հնչեցվում է միջազգային տարբեր ատյաններում, եւ արդեն իսկ տեսանելի է առաջընթացը մի շարք ոլորտներում: Նա նաեւ կարեւորել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը եւ պատրաստակամություն է հայտնել ներգրավվել այս կարեւոր գործընթացներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:




























