Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշել է, որ նա դա չի կարող անել, քանի որ դաշինքը կառավարում է Դաշնակցությունը։ «Մնացածը պարզապես սատելիտ են։ Ով-ով, բայց Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի», - ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ Քոչարյանը մտահոգվելու պատճառներ ունի։ Չէ՞ որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում նրա ընդդիմադիր ռեսուրսը կարող են խլել այլ ընդդիմադիր ուժեր։ Սիմոնյանը կասկածում է, որ նախկին նախագահին կհաջողվի հաղթահարել անցողիկ շեմը։ «Իմ ինֆորմացիայով՝ նա այդ խնդիրըն ունի», - վստահեցրել է ԱԺ նախագահը։
Նրա գնահատմամբ՝ 2021 թվականին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների «առյուծի բաժինն» այլևս չի քվեարկելու Ռոբերտ Քոչարյանի և նրա ուժի օգտին։ Ալեն Սիմոնյանը համոզված է՝ նրանք իրենց ձայները կտան այլ ընդդիմադիր կուսակցությունների։
«2-3 ընդդիմադիր ուժեր կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը: Դա ընտրարշավը ցույց կտա: Կարծում եմ՝ կա՛մ «Մեր ձևով»-ի տարբերակն է, կա՛մ Ծառուկյանի տարբերակն է։ Իրենք երկուսով են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար»,- կարծում է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:





























