Ինչպես հայտնի է դարձել Cyprus Mail պարբերականին, Կիպրոսի Պաֆոս քաղաքում վայրէջք է կատարել Հունաստանի ռազմաօդային ուժերի C-130 տրանսպորտային ինքնաթիռը, որը շաբաթվա սկզբից ի վեր կղզի ժամանած հունական հինգերորդ ինքնաթիռն է։
Այս տրանսպորտային ինքնաթիռների ժամանումը հաջորդել է երկուշաբթի օրը Կիպրոսում հունական չորս F-16 կործանիչների վայրէջքին։
Կիպրոսի կառավարության մամուլի քարտուղար Կոնստանտինոս Լետիմբիոտիսը հայտարարել է, որ ինքնաթիռները ժամանել են Հունաստանի կառավարության կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների շրջանակում, որոնք ուղղված են կանխարգելիչ գործողությունների ուժեղացմանը՝ Նիկոսիայի և Աթենքի միջև սերտ համագործակցության համատեքստում։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Ֆրանսիան ծրագրում է հակահրթիռային և հակաանօդաչու համակարգեր ուղարկել Կիպրոս՝ այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է բրիտանական «Ակրոտիրի» ավիաբազայի թռիչքուղուն։
Արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հավելել է, որ ֆրանսիական Rafale կործանիչները «օդային տարածքի անվտանգության ապահովման գործողություններ են իրականացրել մեր բազաների վրա»։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է պաշտպանել իր գործընկերներին՝ նրանց խնդրանքով։





























