Հազարավոր մարդիկ հավաքվել էին ԱՄՆ-ում, ներառյալ՝ Սպիտակ տան և Նյու Յորքի Թայմս Սքվերի մոտ, բողոքի ցույցերի՝ արտահայտելու Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողության հանդեպ իրենց անհամաձայնությունը, գրդում է «Ведомости»-ն։
Ցուցարարները բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների և երկրի նոր զինված հակամարտության մեջ ներգրավման դեմ: CNN-ը նշում է, որ բողոքի ցույցերը խաղաղ էին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամինեյի մահից հետո բողոքի ցույցերը տարածվել են Հնդկաստանի տարբեր շրջաններում, հաղորդում է The New Indian Express պարբերականը: Ցույցերը տեղի են ունեցել Սրինագարում՝ Հնդկաստանի Ջամմուի և Քաշմիրի միութենական տարածքի մայրաքաղաքում։
Պակիստանում անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ: Նրանցից տասը Քարաչիում ցուցարարներ էին, որոնք փորձել էին գրոհել ԱՄՆ հյուպատոսությունը, հաղորդում է Reuters-ը: Մինչդեռ, մայրաքաղաք Իսլամաբադում հազարավոր քաղաքացիներ երթով շարժվել են դեպի այսպես կոչված «Կարմիր գոտի», որը ներառում է կառավարական կարևոր շենքեր։
Իրաքի բնակիչները մի քանի օր շարունակ գրոհում են Բաղդադի դիվանագիտական թաղամասը, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը: Հարձակումը կանխելու համար ներքին անվտանգության ուժերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, զենքեր և լուսաձայնային նռնակներ են օգտագործել:
РИА Новости-ի տվյալներով՝ մարտի 2-ին Հռոմում ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել Իրանի աջակցության ցույց: Մասնակցել է մոտ հարյուր մարդ:
Բաղդադի բնակիչները պահանջում են, որ ԱՄՆ-ը դադարեցնի իր ագրեսիվ գործողություններն Իրանի դեմ: Իրենց ելույթներում նրանք հիշեցրել են, որ իրաքյան բնակչությունն իր դառը փորձով է ականատես եղել Վաշինգտոնի սկսած ռազմական արշավների ավերիչ հետևանքները:
Հակաամերիկյան բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Լեհաստանի մի քանի քաղաքներում, դրանց թվում՝ Վարշավայում և Կրակովում:
Հունաստանի Աթենք քաղաքում ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել պատերազմի դեմ ուղղված մեծ ցույց: Մասնակիցները իրանական դրոշներ են ծածանել և «Նրանք քաոս են սերմանում Մերձավոր Արևելքում» գրությամբ ցուցապաստառ են պահել:
Մարտի 1-ին «Ջամաաթ-ե իսլամի» կուսակցությունը հակաամերիկյան ցույց է անցկացրել Բանգլադեշի Դաքքայում՝ դատապարտելով Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա: Ցույցը սկսվել է կեսօրվա աղոթքից հետո Բեյթուլ Մուքարրամ ազգային մզկիթի հյուսիսային դարպասի մոտ:
Հնդկաստանի Բիհար և Ուտար Պրադեշ նահանգներում ցուցարարները ձեռքներին պահել են Խամենեիի լուսանկարներ և մոմեր՝ վանկարկելով հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ։
Հռոմում անցկացված հանրահավաքի մասնակիցների թվում էին Պաղեստինի և ձախակողմյան քաղաքական ուժերի կողմնակիցներ։ Նրանք «Բռնաճնշումները չեն կանգնեցնի դիմադրությունն ու համերաշխությունը» գրությամբ ցուցապաստառ էին պահել։ Մոտ մեկ տասնյակ իրանցիներ միացել են ցուցարարներին՝ բաժանելով ազգային դրոշներ և ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների զոհերի լուսանկարներ, հաղորդում է РИА Новости-ն։
Ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաև Բանգլադեշի այլ քաղաքներում։
CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում ցուցարարները վանկարկել են «Ձեռքերը հեռու Իրանից»։
Նյու Յորքում մարդիկ երթով անցել են Թրամփի աշտարակի մոտով։ Առաջին բողոքի ցույցերը սկսվել են փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ գործողության սկսման օրը։ Ամերիկացիները բողոքի ցույցի են դուրս եկել Ատլանտայի, Բալթիմորի, Բոստոնի, Չիկագոյի, Ցինցինատիի, Դենվերի, Լաս Վեգասի, Լոս Անջելեսի, Մայամիի և Մինեապոլիսի փողոցներ։
«Ռազմական գործողությունը Կոնգրեսը չի լիազորել։ Թրամփը անում է այն, ինչ ուզում է՝ իր պայմաններով, ինչը նրան դարձնում է ֆաշիստ և երկիրը վերածում ֆաշիստական պետության»,- ըստ The Guardian-ի՝ հայտարարել է ԱՄՆ-ում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։





























