Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամակցումը թելադրված քայլ է: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը (ֆոտոռեպորտաժ)` նշելով, թե կարեւոր չէ` ով է թելադրել:
«Ինձ համար ցավալի է, որ տղամարդը հասունանում է 60 տարեկանում եւ որոշում է, թե որ քաղաքական ուժին է պատկանում: Այդպես են վարվել վարչապետը, Սերժ Սարգսյանը: Ինձ համար տղամարդու ուշ հասունանալը բացասական երեւույթ է»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքականության մեջ լինելով 20-25 տարի, եւ հետո որոշել, թե որ կուսակցություն մտնել, թեթեւսոլիկ մոտեցում է: Նրա կարծիքով` Օսկանյանը պարզապես խաղալիք է: «Ցավալի է, որ մարդը տեր է փնտրում: Ասում են` ստրկատերը ի՞նչ անի, եթե ստրուկն ուզում է ստրուկ մնալ, ցավալի է»,- ասաց Մանուկյանը:
Նշենք, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն դիմում է գրել` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար:
Անդրադառնալով ՀԱԿ-ի` փետրվարի 17-ին կայանալիք, բայց հետագված հանրահավաքին` Արամ Մանուկյանը նշեց, որ դրա իրական պատճառը ցուրտն է, քանի որ Հրազդանի ընտրություններում էլ ՀԱԿ շատ անդամներ մրսել են եւ վատառողջ են: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի Արաբկիրի շտաբը պետք է ազատի տարածքը, այն ղեկավարում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Պետորս Մակեյանը: Արամ Մանուկյանը հրապարակեց ՀԱԿ հայտարարությունը, որով դատապարտում են այս քայլը եւ պահանջում են իշխանություններից դադարեցնել հետապնդումը իրենց նկատմամբ:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























