Իրանի անկանոն պատասխան հարվածները Պարսից ծոցի երկրներում տեղակայված թիրախների դեմ «սխալ ռազմավարություն» են, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT Haber-ին տված հարցազրույցում։

«Իրանի կողմից արաբական երկրների՝ Օմանի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հորդանանի՝ բոլորի անկանոն ռմբակոծությունը, իմ կարծիքով, աներևակայելիորեն սխալ ռազմավարություն է։ Սա զգալիորեն մեծացնում է տարածաշրջանում ռիսկը։ Սակայն հենց Իրանի տեսանկյունից էլ դա նաև չափազանց սխալ ռազմավարություն է»,- ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։