Երեւանում, այսօր` փետրվարի 15-ին, մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանասավորվող «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» (ՁԶԳՇ) հնգամյա ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացմանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր խոսքում նշել է, որ այս ծրագիրը խոստումնալից է, քանի որ այն պետք է նպաստի ձեռնարկությունների զարգացմանն ու տնտեսական մրցունակության բարձրացմանը, որոնք նաեւ ՀՀ կառավարության գերակայություններն են: «1990-ականների եւ 2012թ.-ի Հայաստանը տարբեր են, զարգացման տարբեր մակարդակ է, եւ այսօր Հայաստանի տնտեսության համար ունենք այլ խնդիրներ, այլ չափանիշներ եւ ակնկալում ենք, որ մեր գործընկերները կընկալեն այդ փաստը: Եւ աջակցության ձեւաչափերը, մոտեցումները արդյունավետության առումով կընկալվի եւ կիրականացվի այնպես, ինչպես մենք ենք ակնկալում: Կարծում եմ, որ ծրագրի հաջողությանը ականատես կլինենք մոտ ապագայում»,-ասել է նախարարը:

ՁԶԳՇ ծրագիրը կաջակցի Հայաստանում զբաղվածության եւ եկամուտների կայուն աճին՝ խթանելով ընտրված արժեքային շղթաները, այն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ինժեներա-տեխնիկական ծառայություններ, սննդի վերամշակում, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիներ:

Հիմնվելով ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի աշխատանքների վրա՝ ՁԶԳՇ ծրագիրը կշարունակի գործարար միջավայրի բարելավման գործընթացը եւ կօժանդակի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը՝ խթանելով նորարարությունները, հզորացնելով աշխատուժի կարողությունները, եւ ընդլայնելով ֆինանսավորման միջոցներից օգտվելու հնարավորությունները: Ծրագիրը կտրամադրի տեխնիկական եւ ուսումնական օժանդակություն՝ զբաղվածության առանցքային խնդիրները վերհանելու նպատակով, եւ ՀՀ կառավարության հետ համատեղ կբացահայտի գործարար դաշտում առկա խնդիրները:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: