Աշխարհի ուշադրությունը շարունակում է կենտրոնացած լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո, որոնք ստիպեցին Թեհրանին հակահարված տալ՝ հարվածելով ինչպես Իսրայելին, այնպես էլ Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

NEWS.am-ը ձեզ է ներկայացնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական զարգացումները չորեքշաբթի առավոտվա դրությամբ

  • Իրանը և Իսրայելը շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել, իսկ Թեհրանը շարունակել է հարձակվել նաև տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների, ինչպես նաև Իրաքում գտնվող քրդերի վրա։
  • Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով կհարվածի Իրանին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն «գրաֆիկից առաջ» է Իրանի դեմ իր գործողություններում և «կհարվածի» երկրին «հաջորդ մի քանի ժամերի և օրերի ընթացքում»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն տանկերների ուղեկցումը Հորմուզի նեղուցով։
  • Իսրայելը հաստատել է, որ հարվածել է Իրանում գաղտնի ստորգետնյա միջուկային օբյեկտի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նախկինում հայտնել էր իրանական միջուկային օբյեկտում վնասի մասին։
  • Իր հերթին, ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հաստատել է, որ չկան ապացույցներ, որ Իրանը մշակում է միջուկային ռումբ։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Թեհրանի հարստացված ուրանի զգալի պաշարները և «ԱԷՄԳ–ի տեսուչներին լիարժեք մուտքի իրավունք չտրամադրելը» լուրջ մտահոգություններ են։
  • Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի գերագույն առաջնորդի ընտրությունը կարող է տեղի ունենալ մարտի 6-ից հետո։
  • Թրամփը հայտարարել է, որ խզում է առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարությունը արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները Իրանի դեմ գործողությունների համար։
  • Նա նաև կասկածանքով է մոտեցել աքսորված Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հեռանկարներին՝ նշելով, որ Իրանում իշխանության պետք է գա «մեկը, ով արդեն այնտեղ է»։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են իրականացնում Իրանի դեմ միջազգային իրավունքի շրջանակներից դուրս, և, հետևաբար, Փարիզը չի կարող հավանություն տալ դրանց։ Նա նաև ասել է, որ հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրի անձնակազմին ուղևորվել Միջերկրական ծով՝ հավելելով, որ Ֆրանսիան խոցում էր իրանական անօդաչու թռչող սարքերը «հակամարտության առաջին իսկ ժամերից»։