Իրանի դեմ ուղղված ամերիկաիսրայելական ռազմական արշավի մեկնարկից հետո Ադրբեջանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի, հայտնում է ադրբեջանական Qazetci լրատվամիջոցը։

Ըստ այդ տեղեկատվության՝ Իրանի հետ սահմանին ներգրավվել են լրացուցիչ ռազմական ուժեր։

Ինչպես հայտնում է Qazetci-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը, Ներքին զորքերը և Արտակարգ իրավիճակների ծառայությունները անցել են մարտական պատրաստականության ռեժիմի։

Չեղարկվել են զինվորների, սպաների և հրամանատարական կազմի արձակուրդները։ Հաղորդվում է, որ արձակուրդում գտնվող սպաները հետ են կանչվել։ Իրանի հետ սահմանին տեղակայվել են անօդաչու թռչող սարքերի և ցածր բարձրության վրա թռչող սարքերի դեմ պաշտպանության համակարգեր։ Բաքվում Իրանի դեսպան Մուջթաբա Դամիրչիլուն մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից հարձակում չի ակնկալում, հայտնել է oxu.az-ը։

«Ադրբեջանն ամենավճռական կերպով հայտարարել է, որ իր տարածքից Իրանի դեմ ոչ մի հարձակում չի լինի»,- լրատվամիջոցները մեջբերում են Ադրբեջանի դեսպանի խոսքերը:

Նույն օրը Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը հայտարարել է, որ տարածաշրջանում ստեղծված լարվածության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է իր հյուպատոսական գործունեությունը:

«Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ կապված՝ Ադրբեջանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը այսօր և վաղը (մարտի 2, 3) ժամանակավորապես փակում է իր հյուպատոսական բաժինը՝ այցելուների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- նշված է դեսպանատան պաշտոնական կայքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն չի տարածել Իրանի հետ սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ։

Նշվում է, որ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը չի պատասխանել լրագրողի զանգերին և կայքի աշխատակցի հարցմանը։